Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք
Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք ամբողջ աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: Սեղմված բնական գազը, դա մինչև 200 մթն. սեղմված մեթանն է: Բնական գազի անփոխարինելի առավելություններն են բարձր օկտանային թիվը` 105-110 (ամենավորակյալ բենզինի դեպքում օկտանային թիվը 98 է), առավելագույն այրումը և էժանությունը (եթե հեղուկ գազի գինը կախված է նավթի գնից, ապա բնական գազի գինը կախված է միայն կառավարությունից): Շատ մասնագետներ այն անվանում են ավտոմեքենայի 21-րդ դարի վառելիք:
Բնական գազի դեպքում ավտոմեքենայի շարժիչի երկարակեցությունը մեծանում է մոտ 2 անգամ, շնորհիվ բնական գազի մի քանի հատկությունների.
    1. հավասարաչափ այրում,
    2. բարձր օկտանային թիվ,
    3. քիչ թունավոր գազեր,
    4. շարժիչի մաշվածությունը նվազում է 35-45 տոկոսով,
    5. յուղի երկարակեցությունը աճում է 30-40 տոկոսով,
    6. շարժիչի աշխատանքը դառնում է ավելի փափուկ և հավասարաչափ, քան բենզինի դեպքում, իսկ աղմուկը նվազում է 2-3 դբ-ով,
    7. ընդհանուր առմամբ շարժիչի երկարակեցությունը աճում է 1,5-2 անգամ:
Որոշ մասնագետներ բնական գազով աշխատող ավտոմեքենայի անվտանգությունը 2,5 անգամ բարձր են գնահատում, քան բենզինի դեպքում (սեղմված բնական գազի բռնկման ներքին սահմանը 5% է, իսկ վթարի դեպքում բնական գազը օդից թեթև լինելով 1,6 անգամ, անմիջապես վերև է բարձրանում: Բալոնների ամրության մեծ պաշարի շնորհիվ գործնականում բացառվում է բալոնների քայքայումը, իսկ քայքայման դեպքում էլ բալոնները ուղղակի ճղվում են` բացվում, բեկորների չեն վերածվում և գազը անմիջապես վերև է բարձրանում):

Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում ընդհանուր մթնոլորտային արտանետումների շուրջ 40-50 տոկոսը կազմում են ավտոմեքենաների արտանետումները, իսկ խոշոր քաղաքներում այն կարող է հասնել մինչև 80-90 տոկոսի (օրինակ, Մոսկվայում հասնում է 87 տոկոսի):

ԱՄՆ-ում, մեկ ավտոմեքենայի, որն աշխատում է բենզինով կամ դիզ. վառելիքով թունավոր արտանետումների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտավորապես 120 դոլար: Բնական գազով աշխատելու դեպքում, այդ վնասը կրճատվում է մոտավորապես 25 տոկոսով: Իսկ եթե ավտոմեքենայի վրա տեղադրվի նաև կատալիտիկ չեզոքացուցիչ, ապա էկոլոգիական վնասը նվազում է մոտ երկու անգամ:

Բնական գազի այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի , ընդ որում 1,22 անգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1,34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի դեպքում: Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1,5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:

Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մթնոլորտի “ջերմոցային էֆեկտը”, որոշ հետազոտողների կարծիքով մինչև 20 տոկոս: