Golden Field - CNG Cylinders Producing in Armenia

Համագործակցություն
"Գոլդեն Ֆիլդ" սպը-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ հետևում է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին և իր արտադրական կարողությունները համալրում է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Ընկերությունն իր ստեղծման օրվանից փորձում է խթանել հայրենական մեքենաշինության զարգացմանը` փորձելով ապահովել հայրենական արտադրության առաջընթացն այս բնագավառում:

Այսօր ընկերության համար հեռանկարային կարևորագույն խնդիրներից են ապագա մասնագետների գիտա-կրթական ցենզի ապահովումը` միջազգային ստանդարտներին համապատասխան: Ապագա մասնագետների որակավորումն ապահովելու նպատակով ,,Գոլդեն Ֆիլդ,, սպը-ն համագործակցության պայմանագիր է կնքել ՀՊՃՀ-ի(Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի` նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի) ,,Մեքենաշիական,, ու ,,Ընդերքաբանության և մետալուրգիայի,, ֆակուլտետների և ,,Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիա և սարքավորումներ,, , ,, Մեքենաշինության ավտոմատացում և համալիր մեքենայացում,, և ,, Մետալուրգիա և նյութագիտություն,, ամբիոնների հետ:

Համագործակցությունը երկարատև ու արդյունավետ հեռանկարներ է հետապնդում: Խոստումնալից ուսանողները մինչև համալսարանն ավարտելը, իրենց կուրսային, դիպլոմային և գիտական թեմաները կընտրեն ընկերության արտադրական ծրագրերին համապատասխան, նրանք իրենց արտադրական և նախադիպլոմային պրակտիկան կանցկացնեն ընկերության Հրազդանի բալոնների գործարանում և Երևանի մեխանիկական արտադրամասում: Իսկ լավագույն ուսանողները նաև մագիստրատուրայում սովորելու ընթացքում կընդունվեն աշխատանքի ընկերության կոնստրուկտորա-տեխնոլոգիական բաժնում և մյուս ստորաբաժանումներում` գործարանում և մեխանիկական արտադրամասում:

Ուսանողների գիտելիքների ու հմտությունների որակավորման նպատակով ընկերությունը կաջակցի գիտական թեզերի պաշտպանությունների նախապատրաստմանը, հոդվածների հրատարակմանը, գիտական փորձերի իրականացմանը: Կհրավիրվեն աշխարհի լավագույն գիտաարտադրական կենտրոններից և բուհերից մասնագետներ և դասախոսներ դասախոսություններ կարդալու, փորձի փոխանակման և համատեղ գիտական կոնֆերանսներ կազմակերպելու համար: Լավագույն ուսանողները կուղարկվեն աշխարհի առաջատար կենտրոններում սովորելու և կատարելագործվելու, գիտական թեզեր պաշտպանելու: